Մեր մասին
Մեր մասին
Գանձապետական պահառուն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կառուցվածքային ստորաբաժանում է, որն իրականացնում է պետական գանձապետական պարտատոմսերի անմիջական (մանրածախ) վաճառքը ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց: Գանձապետական պահառուն ստեղծվել է 1999թ., նպատակ ունենալով աջակցել այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են հուսալի և ապահով ներդնել իրենց խնայողությունները: Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ներդրողը օգտվում է մի շարք առավելություններից՝
• Ներդրողները համագործակցում են անմիջապես պետության հետ`առանց միջնորդավճարների,
• Պարտատոմսերից ստացված եկամուտը չի հարկվում պետության կողմից,
• Պարտատոմսերի վաճառքն իրականացվում է առանց միջնորդավճարների:
Պետական գանձապետական պարտատոմսերը թողարկվում են ՀՀ կառավարության 2017թ. ապրիլի 13-ի N 381-Ն որոշման համաձայն:
Պետական կարճաժամկետ պարտատոմսերը, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերը Գանձապետական պահառուի միջոցով տեղաբաշխվում են ուղղակի վաճառքի ձևով՝ յուրաքանչյուր տեղաբաշխման ենթակա ծավալի մինչև տասը տոկոսի չափով: Միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր ձեռք բերելիս ներդրողներն իրենց եկամուտը ստանում են սահմանված ժամանակահատվածում` կիսամյակային պարբերականությամբ արժեկտրոնների միջոցով, իսկ պետական կարճաժամկետ պարտատոմսեր ձեռք բերելիս` սահմանված ժամկետի վերջում: Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվում են միայն Գանձապետական պահառու համակարգի միջոցով, ազատ վաճառքի ձևով, ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով սահմանված ժամանակահատվածում և վաճառվում են բացառապես ֆիզիկական անձանց: Այս պարտատոմսերը կարող են թողարկվել 3 ամսից մինչև 25 տարի մարման ժամկետով և վաճառվել անվանական արժեքով կամ անվանական արժեքի նկատմամբ հավելավճարով: Խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր ձեռք բերելիս ներդրողներն իրենց եկամուտն ստանում են եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան պարբերականությամբ արժեկտրոնների միջոցով: Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերը գրավադրման, նվիրատվության և առք ու վաճառքի ենթակա չեն, սակայն հետգնման օրերին ներդրողներին հնարավորություն է ընձեռվում պարտատոմսերը հետ վերադարձնել թողարկողին և ստանալ մինչ հետգնման պահը հաշվարկված ամբողջ եկամուտը:
Պետական գանձապետական պարտատոմսեր Գանձապետական պահառուի միջոցով հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով գանձապետական պահառուի սպասարկման կետեր կամ առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով:
Սպասարկման կետերի հասցեներն են՝
Ամիրյան 23/1` Հայէկոնոմբանկի տարածք,
Տիգրան Մեծի 24` Արդշինբանկի «Էրեբունի» մասնաճյուղի տարածք,
Կոմիտաս 49` Կոնվերսբանկի «Կենտրոնական» մասնաճյուղի տարածք:
Մանրամասների համար կարող եք դիմել
Գանձապետական պահառուի աշխատանքների կազմակերպման բաժին հետևյալ հեռախոսահամարներով` (+37411) 910-422, (+37411) 910-423